Դպրոցի պատմությունը

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան (Փոքր Պարնի) գյուղում դպրոցի հմնադրման տարեթիվը 1905 թվականն է: Այդ թվականից սկսել է գործել քառամյա դպրոց, որտեղ սկզբում սովորել են միայն տղաներ: Հետագայում սկսած 1910 -ական թվականներից գործել է երկսեռ քառամյա դպրոց: Հիմնականում ուսումնական գործընթացը կազմակերպվել է տեղի քահանաների, ինչպես նաև հրավիրված ուսուցիչների կողմից:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո բացվել է քառամյա կանոնավոր դպրոց` գյուղի նախկին մեծահարուստներից մեկի` Սոլոյի սենյակներում:
1931 թվականին կառուցվել է դպրոցական շենք, և նույն թվականին էլ քառամյա դպրոցը վերածվել է յոթամյայի, 1961 թվականից` ութամյայի:
Այդ ընթացքում տարբեր տարիներին դպրոցի տնօրեններ են աշխատել Լիպարիտ Մանուկյանը, Կամսար Պողոսյանը, Ազատ Հարությունյանը, Աղվան Ավետիսյանը, Մխիթար Հովհաննիսյանը, Շիրակ Թորոսյանը, Համազասպ Ջնդոյանը:
1961 թվականին դպրոցի տնօրեն է նշանակվել համագյուղացի Ղևոնդ Դավթյանը, ով մինչ այդ, ավարտելով Լենականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, դպրոցի տնօրեն է աշխատել Արարատի շրջանում, այնուհետև Արթիկի շրջանի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցում:
1963 թվականի սեպտեմբերին Փոքր Պարնիի ութամյա դպրոցի տնօրեն է նշանակվում Արարատ Գրիգորյանը, ում 1967 թվականին կրկին փոխարինում է Ղևոնդ Դավթյանը: Հենց նրա օրոք Փոքր Պարնիի ութամյա դպրոցը 1968 թվականին վերակազմավորվում է միջնակարգի: Դպրոցն իր առաջին շրջանավարտն է տալիս 1969 թվականին:
1970 թվականին դպրոցի տնօրեն է նշանակվում Գարուշ Թաթևոսյանը:
1972 թվականին դպրոցի տնօրեն է նշանակվում համագյուղացի Գրիգոր Հովհաննիսյանը, ով իր մանկավարժական գործունեությունը սկսել էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Աշխատանքին զուգընթաց 1949 թվականին ընդունվել և 1955 թվականին ավարտել է Հայկական մանկավարժական հեռակա ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
Աշխատել է Արտաշատի շրջանի Ջրաշեն, Լուսակերտ գյուղերի դպրոցներում:
1951 թվականին տեղափոխվել է Արթիկի շրջան, պատմություն դասավանդել Գեղանիստի յոթամյա դպրոցում, այնուհետև Գետափի դպրոցում աշխատել նախ` ուսուցիչ, այնուհետև` ուսմասվար:
1969-1972 թվականներին աշխատել է Փոքր Մանթաշի ութամյա դպրոցում տնօրեն: Գ. Հովհաննիսյանը պաշտոնավարել է մինչև 1984 թվականը: Գ. Հովհաննիսյանի պաշտոնավարման տարիներին էլ կառուցվել և 1980 թվականի հունվարին շահագործման է հանձնվել դպրոցի տիպային երկհարկանի շենքը:
1984 թվականին դպրոցի տնօրեն է նշանակվել Վանյա Բեգոյանը: Վ. Բեգոյանը մանկավարժական գործունեությունը սկսել է 16 տարեկանից` 1960 թվականին: Փանիկի միջնակարգ դպրոցի արծաթե մեդալակիրը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նշանակվել է ջոկատավար, աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն, այնուհետև` Կիրովականի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետները: 1964 թվականից մինչև 1972 թվականը աշխատել է Անուշավանի դպրոցի ուսմասվար: 1972 թվականին նշանակվել է Գետափի ութամյա դպրոցի տնօրեն, ապա նորից տեղափոխվել Անուշավան որպես ուսմասվար: Վ. Բեգոյանը Անուշավանի միջնակարգ դպրոցը ղեկավարել է մինչ իր մահը` 2003 թվականը:
2003 թվականին վերակազմավորված <<Անուշավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել նույն դպրոցում ուսուցիչ աշխատող Ռուբիկ Ստեփանյանը: Նա ևս երկու անգամ` 2008 և 2013 թնականներին վերընտրվել է: Ռ. Ստեփանյանը 1971 թվականին ավարտել է Լենականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինսիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Արթիկի շրջանի Ախուլա, Արևշատ գյուղերում որպես ուսուցիչ, ծառայել Խորհրդային բանակում, 1974 թվականին նշանակվել է Անուշավանի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1983 թվականին հարավիրվել է <<Լեռնագործ>> շրջանային թերթի խմբագրություն` զբաղեցնելով բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղարի, խմբագրի պեղակալի պաշտոնները: 1992-1993 թվականներին ընտրվել է շրջգործկոմի կրթության բաժնի վարիչ: 1993 թվականին նշանակվել է <<Լեռնագործ>> թերթի խմբագիր:
1996-99 թվականներին աշխատել է նորաստեղծ մարզպետարանում որպես գլխավոր մասնագետ:
Եղել է  ԽՍՀՄ  և Հայաստանի լրագրողների միության անդամ: Կենսաթոշակի է անցել 2014 թվականի սեպտեմբերին:
2014 թվականի դեկտեմբերի 4-ին <<Անուշավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել Մարտիրոս Հարթենյանը:
Continue reading Դպրոցի պատմությունը